Մատչելիության հղումներ

Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել․ Reuters


Հնդկաստանը կշարունակի նավթ գնել Ռուսաստանից՝ չնայած ԱՄՆ նախագահի սպառնալիքներին, որ Վաշինգտոնը երկրորդային պատժամիջոցներ կսահմանի այդ երկրի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Հնդկաստանի կառավարության երկու աղբյուրի։

Գործակալության աղբյուրներից մեկը նշել է, որ Հնդկաստանը Ռուսաստանի հետ երկարաժամկետ կապեր ունի, և «գնումները մեկ գիշերվա ընթացքում դադարեցնելն այդքան էլ հեշտ չէ»։

Հնդկաստանի կառավարության մեկ այլ աղբյուր, արդարացնելով Ռուսաստանից նավթի գնումները, ասել է, որ դա օգնել է խուսափել նավթի գների համաշխարհային աճից․ նավթի գները մնում են ցածր՝ չնայած Ռուսաստանի նավթային ոլորտի նկատմամբ Արևմուտքի սահմանափակումներին։

Ի տարբերություն իրանական և վենեսուելական նավթի, ռուսական նավթը չի ենթարկվում ուղղակի պատժամիջոցների, և Հնդկաստանն այն գնում է Եվրամիության կողմից սահմանված ներկայիս գնից ավելի ցածր գնով, ասել է աղբյուրը։

Հուլիսի 14-ին Դոնալդ Թրամփը սպառնաց 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթ գնող երկրների համար, եթե Ռուսաստանը չհասնի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի։ Հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Հնդկաստանի համար 25 տոկոսանոց ներմուծման մաքսատուրք սահմանելու մասին՝ հիմնավորելով, որ Հնդկաստանը ռազմական տեխնիկա և էներգետիկ ռեսուրսներ է գնում Ռուսաստանից։

Ռուսաստանը Հնդկաստանի նավթի խոշորագույն մատակարարն է՝ ապահովելով երկիր մատակարարվող ընդհանուր նավթի մոտ 35 տոկոսը: Reuters-ի տվյալներով՝ Հնդկաստանը այս տարվա հունվար-հունիս ամիսներին օրական ստացել է մոտ 1.75 միլիոն բարել ռուսական նավթ, ինչը 1 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Հուլիսի 29-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Կրեմլին տասը օր ժամանակ է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար՝ նախկինում իր իսկ սահմանած 50-օրյա ժամկետի փոխարեն։ Ուկրաինան պատրաստ է հրադադարի առանց լրացուցիչ պայմանների, մինչդեռ Ռուսաստանը չի համաձայնում՝ պնդելով, որ պետք է վերացվեն հակամարտության առաջացման հիմնապատճառները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG