ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է օգոստոսի 6-ին կամ 7-ին այցելել Մոսկվա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով բանակցությունների, հայտնել է ԱՄՆ նախագահը:
Սա կլինի Ուիթքոֆի 5-րդ այցը Ռուսաստան, որը տեղի կունենա հրադադարին համաձայնելու պահանջով Ռուսաստանին Դոնալդ Թրամփի տված տասնօրյա ժամկետից առաջ: Այն լրանում է օգոստոսի 8-ին:
Թրամփն ասել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարին, որպեսզի խուսափի հետևանքներից: Իսկ ի՞նչ կլինի, եթե վերջնաժամկետը լրանա, իսկ Ռուսաստանը չհամաձայնի, Թրամփն ասել է. «Դե, պատժամիջոցներ կլինեն, բայց ... գիտեք, նրանք խորամանկ են և բավականին լավ են խուսափում պատժամիջոցներից։ Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի»:
Մինչ այդ Թրամփն, ի պատասխան ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային հնարավոր պատերազմի մասին Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների, հայտնել էր, որ հրամայել է երկու միջուկային սուզանավ տեղակայել Ռուսաստանին մոտ համապատասխան վայրերում: «Ստիպված էինք դա անել: Սպառնալիք էր հնչել, որը, ըստ մեզ, տեղին չէր»,- ասել էր նա։
Երեկ էլ Newsmax-ին տված հարցազրույցում ասել է, որ սուզանավերն «ավելի մոտ են Ռուսաստանին»։
Ըստ Financial Times-ի՝ Թրամփը սրանով պարզապես ցանկանում է ճնշել Ռուսաստանին, որպեսզի առաջընթաց գրանցի Ուկրաինայի հարցում։ The New York Times-ն իր հերթին գրում է, որ միջուկային սուզանավերի տեղաշարժը Պենտագոնի ամենագաղտնի գործողություններից մեկն է, ուստի հայտնի չէ՝ արդյոք դրանք տեղակայվե՞լ են, թե՞ ոչ: Թերթը նաև հիշեցնում է, որ այս սուզանավերը կարող են հարվածել հազարավոր կիլոմետր հեռավորությունից, և դրանց վերատեղակայումը միայն կարող է բացահայտել դրանց գտնվելու վայրը։
Մոսկվան առաջին անգամ անդրադարձել է սուզանավեր ուղարկելու մասին Թրամփի որոշմանը: Կրեմլի խոսնակն ասել է, որ չէր ցանկանա ներգրավվել այս բանավեճում և մեկնաբանել Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունները:
«Ռուսաստանը շատ ուշադիր է միջուկային զենքի չտարածման հարցին, և կարծում ենք, որ բոլորը պետք է շատ զգույշ լինեն միջուկային հռետորաբանության հետ», - ասել է Պեսկովը:
Այս ֆոնին Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 1200 գերի փոխանակելու մասին: Ցուցակների վրա աշխատանքը շարունակվում է, ասել է Վլադիմիր Զելենսկին. «Մենք պետք է բոլորին տուն վերադարձնենք՝ բոլոր զինծառայողներին և բոլոր քաղաքացիական անձանց, անկախ նրանից, թե որքան դժվար կարող է դա լինել»:
Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական «ստվերային նավատորմի» հրամանատարների նկատմամբ, որոնք ռուսական նավթ են տեղափոխում արևմտյան երկրների սահմանած գնից բարձր գնով։ Պատժամիջոցների տակ է հայտնվել 94 անձ՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Վրաստանի, Բանգլադեշի և Չինաստանի քաղաքացիներ։
Reuters-ը գրել էր, որ չնայած Թրամփի սպառնալիքներին՝ Հնդկաստանը կշարունակի գնել ռուսական նավթը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը քննադատել է Նյու Դելիին՝ նշելով, որ այս քայլով Հնդկաստանը շարունակում է ֆինանսավորել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը:
«Նախագահ Թրամփը միշտ հիանալի հարաբերություններ է ունեցել Հնդկաստանի և վարչապետի հետ։ Բայց մենք պետք է իրատեսորեն նայենք այս պատերազմը ֆինանսավորելու խնդրին», - նշել է նա:
Այս ընթացքում իրադրությունը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ: Այսօր ռուսական զինուժն ուկրաինական քաղաքներին հարվածել է գերձայնային «Կինժալ» հրթիռներով: Երեկ էլ հրթիռակոծել էին Դոնեցկը և Խերսոնը, կա առնվազն յոթ զոհ, ավելի քան 20 վիրավոր, երեք զոհ էլ՝ Զապորոժիեում: Նիկոլաևում հրթիռի հարվածից տուժել է յոթ մարդ, վնասվել են տասնյակ տներ: Օդեսայում հարվածներից հրդեհներ են բռնկվել:
Ուկրաինական զինուժն իր հերթին Վոլգոգրադի մարզում հարվածել է երկաթուղային կայարանի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, կան ավերածություններ, Պեմզայում էլ հարվածել են էլեկտրոնիկայի գործարանի, իսկ Սոչիում, Վորոնեժում, Ռյազանում և Սամարայում՝ նավթի բազաների: