Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի Եղիշե Մելիքյանը. ԶԼՄ-ներ


Մարզական լրատվամիջոցները, իրենց աղբյուրներին հղում անելով, գրում են՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընդամենը կես տարի գլխավորած Ջոն Վանտ Սխիպին առաջիկայում կփոխարինի Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: FastSports-ն ավելի առաջ է գնում՝ գրելով, թե հոլանդացի մասնագետն այլևս ընտրանու գլխավոր մարզիչը չէ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մինչ այս պահը չի հերքել լայնորեն շրջանառվող տեղեկությունները, «Ազատության» հեռախոսազանգերին առայժմ չեն պատասխանել: Ինքը՝ Մելիքյանը, որին երկրպագուները նախկինում էլ ցանկանում էին տեսնել հավաքականի ղեկին, երեկ թեև պնդել է՝ ընտրանին գլխավորելու հարցով իր հետ չեն կապվել, սակայն, հավելեց՝ դեմ չէ:

«Ազգային հավաքականի հարցով ինձ հետ ոչ մեկը չի խոսացել, ես էլ եմ հետևում, տեսնում, բայց եթե կոնկրետ բան չկա, չեմ կարող կոնկրետ բան ասել, բայց կարող եմ ասել, որ եթե լինի խոսակցություն և առաջարկ, ես դեմ չեմ լինի, որովհետև ես հայ եմ, հայրենասեր եմ, իսկ խոսքը գնում է ազգային հավաքականի մասին», - ասել է նա:

Ջոն Վանտ Սխիպի գլխավորությամբ հավաքականը չորս հանդիպում է անցկացրել՝ 3 պարտություն, մեկ ոչ ոքի: 4 խաղում թիմը 16 գնդակ է բաց թողել՝ խփելով միայն 5-ը: Ընտրանու մրցելույթներից դժգոհ է ամբողջ ֆուտբոլային հանրությունը, թիմի խաղի որակը չի գոհացնում ո՛չ մասնագետներին, ո՛չ էլ երկրպագուներին: Ֆան ակումբներն էլ անցած տարվանից պնդում են՝ խնդրի լուծումը ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականն է, նրանք արդեն մի քանի ամիս է՝ տարաբնույթ ակցիաներ են անցկացնում ֆուտբոլային հանդիպումների ընթացքում:



Չնայած համատարած դժգոհությանը ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ամիսներ առաջ վերահաստատեց՝ հեռանալ չի պատրաստվում:

Եղիշե Մելիքյանի հնարավոր նշանակման տեղեկությունը նաև զարմացրել է ֆուտբոլային անցուդարձին հետևող մարդկանց. նախորդ տարիներին նրա ու ֆեդերացիայի ղեկավարության հարաբերությունները հարթ չէին: «Փյունիկ»- ՀՖՖ առճակատման շրջանում սուր ու կոշտ հայտարարություններ նաև Մելիքյանն էր անում, հրաժարվում էր ֆեդերացիայից մրցանակ ընդունել, անգամ պատերազմ էր հայտարարում ֆեդերացիայի ղեկավարության մոտեցումներին:

46-ամյա Եղիշե Մելիքյանը ֆուտբոլիստի կարիերան 2013-ին է ավարտել, 29 անգամ կրել է հավաքականի մարզաշապիկը: Որպես մարզիչ սկսել է աշխատել 2015-ից: Երևանյան «Փյունիկը» նա գլխավորում է արդեն ավելի քան 4 տարի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG