Մինչ իշխանականները Ջենիֆեր Լոպեսի՝ պետական միջոցներով անցկացված համերգի հնարավոր տնտեսական օգուտներն են հաշվում, առանց փաստեր ներկայացնելու թվեր հրապարակում ու միջոցառումը որակում ավելին, քան պարզապես երաժշտական իրադարձություն, «Ազատության» հետ զրույցներում քաղաքացիները փորձում էին հաշվել, թե ինչ կարևոր խնդիր էր հնարավոր լուծել հատկացված 6 միլիոն դոլարով.
«6 միլիոնը յեքա փող ա, շա՜տ բան կարելի էր անել ... »:
«Մի հատ սուտի երգչուհու համար 6 միլիոն փող տան ... Էս երկիրը երկիր չի դառնա: Էդ փողով էնքան չքավորներ կան, 6 միլիոն դոլար՝ էտի կարելի էր մի տասը հատ ղարաբաղցու համար բնակարան գնել, ուրիշ ոչինչ, եթե ցանկություն ունենան ... »:
Մինչ այս պահը գտնվում էին մարդիկ՝ չէին էլ հավատում, որ Կառավարությունն այսպիսի քայլ է արել. - «Հաստատ գիտե՞ք, որ 6 միլիոն դոլար տվել ա ... Կառավարությունը չի ասում, օպոզիցիան ա ասում»:
Լոպեսի համերգի համար հարկատուների հաշվին նման միջոցների հատկացումը որքանո՞վ է նպատակահարմար մի երկրում, որտեղ կրճատվում է արցախցիներին տրվող ֆինանսական օժանդակությունը, կենսաթոշակներն ավելացնելու տրված խոստումը դեռ չի իրականանում, չի հաջողվում նվազեցնել աղքատության մակարդակը, գործազուրկներն էլ ավելի շատ են, քան սահմանված է գործադիրի հնգամյա ծրագրում:
Այս հարցերի շուրջ բուռն քննարկումները սոցցանցերում շարունակվում են.
«Կեսարը, երբ ժողովուրդը դժգոհ էր ու անհանգիստ, Կոլիզեյում գլադիատորական խաղեր էր կազմակերպում, որ ամբոխին հաճոյանա: Նենց կուզեի լսել, թե մշակութային կամ պետական ինչ խնդիր է լուծում էս սաղ ... »։
Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչը «Դոպինգ սփեյս» ընկերությունն էր, Կառավարության ծրագրով 2023-ին Սնուփ Դոգը պետք է Երևան ժամաներ. միջոցառումը, սակայն, չկայացավ ... ու հանրությունը Լոպեսի համերգից բառացիորեն երեք օր առաջ իմացավ, որ երգչուհին Հայաստան է գալիս հարկատուների հաշվին:
Մինչդեռ որ ամերիկացի աստղը Երևանում համերգ է ունենալու, հայտնի էր դեռ գարնանը: Բայց մինչև վերջին շաբաթը որևէ տեղեկություն չկար, որ այն իրականում պետական միջոցներով է անցկացվում: Ըստ էության, այս հանգամանքը մինչև վերջին պահը թաքցվում էր, և միայն օրեր առաջ Կառավարությունն առանց քննարկելու համապատասխան որոշումն ընդունեց: Այն, որ գործադիրը չէր ցանկանում, որ մարդիկ իմանան այս ամենի մասին, վկայում է այդ որոշման կետերից մեկը, որով ուժը կորցրած է ճանաչվել 2023-ի որոշման այս դրույթը. - «Կազմակերպությունը պարտավոր է բոլոր հնարավոր գովազդային արշավներում նշել, որ Միջոցառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո»:
Քննադատության ալիքին ի պատասխան՝ իշխանականները տարբեր թվեր են հրապարակում, թե յուրաքանչյուր զբոսաշրջիկ որքան գումար է ծախսում Հայաստանում: Եզրակացնում են, թե Կառավարության նախաձեռնությունն արդարացված է: Նախ յուրաքանչյուր զբոսաշրջիկի ծախսած 500 դոլարի մասին հայտարարեցին: Ապա ներկայացվող թվերն աճեցին. ըստ էկոնոմիկայի նախարարի՝ հյուրերը 888 դոլար են ծախսում. - «Կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար»:
Հրապարակվող այս թվերի հետևում, սակայն, փաստեր չկան. նույն հաջողությամբ կարող էր գրել 1000 դոլար, կամ, ասենք 1500, այդ դեպքում ընդհանուր գումարն ավելի մեծ կերևար: Էկոնոմիկայի նախարարն 888 դոլարը Հայաստանում տուրիստական փաթեթով հանգստացող զբոսաշրջիկների ծախսերի վերաբերյալ մի ուսումնասիրությունից է վերցրել: Համերգին մասնակցելու համար, սակայն, ամենևին էլ պարտադիր չէր տուրիստական փաթեթ ձեռք բերել, շատերը հարևան Վրաստանից էին եկել ու համերգից հետո վերադարձել:
Պաշտոնյաների պնդումները հակասում են նաև Հայաստանի հարկային օրենսդրությանը. զբոսաշրջիկների ծախսած գումարից, ի վերջո, միայն մի մասն է վճարված հարկերի տեսքով պետբյուջե մտնում: Մինչ այս պահը նաև հայտնի չէ, թե որքան է կազմել Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթն, ու արդյոք այդ գումարից մասնաբաժին ունի Կառավարությունը:
Ըստ փաստաթղթերի՝ ընկերությունը պարտավորություն ունի առնվազն 24 միլիոն 381 հազար դրամ հետ վերադարձնել պետական բյուջե, որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը. 6 միլիոն դոլարից՝ ընդամենը 63 հազար դոլար:
Լոպեսը Երևան ժամանեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից. այնտեղ կայացած համերգի կազմակերպիչը հայտարարել էր, որ միջոցառումն ամբողջությամբ կոմերցիոն սկզբունքներով է իրականացվում: Ավելին՝ Ղազախստանում նաև հստակ թվեր էին հայտնել տնտեսական հնարավոր օգուտների մասին. հաշվել էին`վճարված հարկերի տեսքով բյուջե կփոխանցվի ավելի քան 700 հազար դոլար: