Մատչելիության հղումներ

«Տվեք որդուս, ես խնամեմ». քաղցկեղ հաղթահարած ընդդիմադիրը կմնա կալանքի տակ


Բագրատ սրբազանի գործով կալանավորած Աղվան Արշակյանի մայրը տեղը չի գտնում. խնդրում է բանտային կալանքը փոխարինել գոնե տնայինով, որ կարողանա խնամել երկու տարի առաջ գլխուղեղի քաղցկեղը հաղթահարած ու դեռ հետազոտումների ու մշտական հսկողության կարիք ունեցող որդուն:

«Հետվիրահատական վիճակ էր, ինքը վերականգնվում էր, բժշկական ստուգումներ կան, որ ինքը պետք է անցնի, տարել են փակել են, իմաստը ես չեմ հասկանում, պետք է նկարվի, արյան ընդհանուր անալիզ արվի, եսիմ քանի ամիսը մեկ ինքը ստուգումներ ա անցնում, իսկ հիմա ոչ այնտեղ են անում, ոչ էլ», - ասաց մայրը՝ Մարիետա Քսպոյանը:

28-ամյա ընդդիմադիր ակտիվիստը Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած շարժման ակտիվ մասնակիցներից է: Եկեղեցականն ու նրա համախոհները դեռ անցած տարվանից փողոցային ակցիաներ սկսեցին Փաշինյանի հեռացման պահանջով, անցած ամիս Քննչականը նրանց մեղադրեց ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի մեղադրանքով, ինչն ընդդիմադիրները հերքում են: Աղվանի մայրն ու փաստաբանն ահազանգում են, որ մոտ մեկ ամիս ճաղերից այն կողմ գտնվող երիտասարդի վիճակը վատացել է, շարժումները ծանրացել են, հագուստը հանում-հագնում, լողանում է խցակիցների օգնությամբ:

«Տվեք որդուս, ես խնամեմ, նա ոչ մի տեղ չի կարող փախչել», - ասում է Մարիետա Քսպոյանը և նշում, - «իր ուտելիքն անպայման տեղը պետք է լինի, ռեժիմ ունի սնվելու, որը այնտեղ չի արվում»:

Երեկ թե՛ վերաքննիչ, թե՛ առաջին ատյանի դատարանները մերժեցին փաստաբան Վարազդատ Հարությունյանի դիմումը՝ փոխել կալանքը, նույն որոշումն է կայացրել նաև դատախազը, որին շաբաթներ առաջ դիմել էր փաստաբանը: Երիտասարդ տղայի գործին հետևող ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շարունակում է պնդել՝ սա պատիժ է, ոչ թե իրավական գործընթաց:

«Սա ուրիշ բան, քան պատիժը ես չեմ կարող ասել: Այսինքն՝ եթե մարդն ունի առողջական խնդիրներ, այդ մարդու առողջական խնդիրները պետք է անհապաղ լուծվեն: Ոչ ոք չի ասում՝ քրեական գործը, չնայած շինծու քրեական գործ է, իմ գնահատմամբ, բայց կապ չունի, էլի ձեր քրեական գործը շարունակեք, բայց մարդը խնամքի կարիք ունի», - ասաց Դանիելյանը:

Պատգամավորն ընդգծում է՝ Բագրատ սրբազան գործով քննիչներից ու դատախազներից այլ բան չես էլ կարող սպասել: Ի՞նչ եղավ դատավոր Վազգեն Ռշտունու հետ, որը ազատ արձակեց այս գործով կալանավորված Հրայր սարկավագին, իշխանականների քննադատությունն է հիշում Դանիելյանը:

«Էս քաղաքական որոշումներով, որ արձանագրենք սա, դատախազները, քննիչները չեն կարողանում, իմ գնահատականն այն է, որ վախենում են այս թեմայով, օրինակ համարձակ որոշումներ կայացնել», - ընդգծեց Դանիելյանը:


XS
SM
MD
LG