Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավստրալիայի արևելյան մի քանի քաղաքներ շաբաթավերջին ծածկվել են վերջին տասնամյակների ամենախիտ ձյունով: Եղանակային պայմանները նաև հանգեցրել են ջրհեղեղների, փակել ճանապարհներ, հազարավոր տներում էլեկտրաէներգիան անջատվել է, հայտնում են տեղական իշխանությունները:

Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ շաբաթ օրը Նոր Հարավային Ուելսի հյուսիսային հատվածներում տեղացել է մինչև 40 սմ ձյուն, ինչը ամենախիտ տեղումն է 1980-ականների կեսերից ի վեր։

Ձյուն է տեղացել նաև հարևան Քվինսլենդ նահանգի որոշ շրջաններում՝ առաջին անգամ վերջին 10 տարիների ընթացքում։

Նոր Հարավային Ուելսի արտակարգ ծառայությունը հայտնել է, որ արձագանքել է ավելի քան 1455 դեպքի։ Ավելի քան 100 ավտոմեքենա մնացել է ձյան կամ փոթորկի հետևանքով փակված ճանապարհներին, մի շարք շինություններ վնասվել են: