Վարչապետի աշխատակազմը՝ ԱՄՆ այցի վերաբերյալ տեղեկությունների մասին

Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, հայտնում է վարչապետի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, եւ տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որեւէ հաղորդագրություն չենք հրապարակել եւ հետեւաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո», - հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ավելի վաղ Պետդեպարտամենտում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն X-ում գրել էր, որ «Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթավերջին Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»: Ադրբեջանական «Թուրան»-ի թղթակիցը պնդում է, թե տեղեկությունը մի քանի աղբյուր է հաստատել, դրանց համաձայն սպասվում է նաև, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Թրամփն ուրբաթ օրը կընդունի Փաշինյանին ու Ալիևին. Երևանը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել